Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@

Աշխարհագրություն և տիեզերագիտություն

03.12.2011

V դ. վերջերին Պատմահոր կողմից ստեղծվեց «Աշխարհացոյց»-ը, որ գրված է անտիկ աշխարհագրության ավանդույթներով, Պտղոմեոսի և Պապոս Ալեքսանդրացու աշխատությունների օգտագործումով և մեծաքանակ ինքնուրույն նյութի մատուցմամբ: «Աշխարհացոյց»-ում նկարագրված են Ատլանտյան և Հնդկական օվկիանոսները, Միջերկրական, Սև և Կասպից ծովերը, Եվրոպայի, Ասիայի և Լիբիայի (Հյուսիսային Աֆրիկայի) երկրները: Հատկապես արժեքավոր են Մեծ Հայքի, Վիրքի, Աղվանքի, Պարսկաստանի և Ասիական Սարմատիայի նկարագրությունները: Ամենայն հավանականությամբ «Աշխարհացոյց»-ը նույնպես ստեղծվել է Սահակ Բագրատունու մեկենասությամբ՝ որպես հայ ապստամբների համար քաղաքական ծրագիր, թե վերականգնվելիք Հայոց թագավորությունն ինչ տարածք ու սահմաններ պետք է ունենա: Պատմահայրը Մեծ Հայքի նկարագրությունը կազմել է ըստ III դ. աշխարհագրերի նյութերի: Բնական գիտությունների ասպարեզում հայ ամենանշանավոր դեմքն Անանիա Շիրակացին է, որը ծնվել է VII դ. սկզբներին Շիրակ գավառում: Նախնական կրթությունն ստանալով տեղում՝ նա ութ տարի ուսանել է Տրապիզոնում՝ հույն նշանավոր գիտնական Տյուքիկոսի մոտ: Մեծ տիեզերագետ և մաթեմատիկոս Անանիա Շիրակացին, հետևելով անտիկ հեղինակներին, գրել է. «Երկիրը ձվի նման է. ինչպես ձվի կլոր դեղնուցը մեջտեղում է, սպիտակուցը՝ նրա շուրջը, իսկ կեղևը շրջապատում է չորս կողմից, այնպես էլ երկիրը մեջտեղում է, օդը՝ նրա շուրջը և երկինքը շրջապատում է չորս կողմից»: Անանիա Շիրակացին գիտեր, որ Արեգակի խավարման պատճառը նրան պատնեշող Լուսինն է: Հայ տիեզերագետի կարծիքով Ծիր Կաթինը «կուտակված թույլ և ուժեղ աստղերի բազմություն է»: Տիեզերագիտության և մաթեմատիկայի բնագավառներում Անանիա Շիրակացին հետևել է անտիկ գիտության ավանդույթներին: Այդ դարաշրջանում, երբ Եվրոպայում ամենուրեք մոռացվում էր անտիկ գիտական ժառանգությունը, Անանիա Շիրակացին կարևոր դեր խաղաց այն պահպանելու և գալիք սերունդներին հաղորդելու գործում:

Комментарии (0)Просмотров (412)


Зарегистрированный
Анонимно