Создать сайт
Понравился? Нажмите -
@ADVMAKER@

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ (Աշխարհագրական ակնարկ)

03.12.2011

«Հայրենագիտությունը գլխավոր ուսմունքներից մեկը պետք է լինի, որ պարտավոր է սովորել ամեն մի հայորդի։ Ով որ չի ճանաչում իր հայրենիքը, չի կարող ճշմարտապես սիրել այն»։ ՐԱՖՖԻ Արևմտյան Հայաստանի պատմա–աշխարհագրական ուսումնասիրությունը մի շարք ճանաչողական և հետաքրքիր կողմեր ունի։ Իրերի բերմամբ այնպես է ստացվել, որ Սովետական Հայաստանը դարձել է Արևմտյան Հայաստանին սահմանակից երկիր։ Ճանաչել, գիտենալԱրևմտյան Հայաստանի աշխարհագրությունը, ոչ միայն հետաքրքիր է, այլև անհրաժեշտ։ Բավական է նշել, որ պատմական Հայաստանի տասնհինգ «աշխարքններից»1 մոտ ինը գտնվում է այնտեղ։ Պատմական տխուր իրադարձություններում հայաթափ եղան Արևմտյան Հայաստանի շեն ու հայաշատ նահանգները։ Այդտեղ մնացին նյութական կուլտուրայի շատ հուշարձաններ, որպես լուռ վկա դրանք ստեղծող ժողովրդի։ Արևմտյան Հայաստանը գրավում է Հայկական բարձրավանդակի2 հարավ-արևմտյան մեծ մասը։ Հայկական բարձրավանդակը Առաջավոր Ասիայի բարձրադիր մասերից է և ------------------------ 1 Մեծ Հայքը Արշակունիների ժամանակ բաժանվում էր տասնհինգ նահանգի կամ «աշխարհի»՝ Բարձր Հայք, Չորրորդ Հայք, Աղձնիք, Տուրուբերան, Մոկք, Կորճայք, Պարսկահայք, Վասպուրական, Սյունիք, Արցախ, Փայտակարան, Ուտիք, Գուգարք, Տայք և Այրարատ: Ամեն մի նահանգ էլ բաժանվում էր գավառների, որոնց թիվը Մեծ Հայքում հասնում էր 190-ի։ 2 Բարձրավանդակ տերմինի տակ նկատի է առնվում ընդարձակ լեռնային մի մարզ, որն ընդգրկում է առանձին լեռնաշղթաներ, միջլեռնային գոգավորություններ և սարահարթային մասեր։ Հայկական բարձրավանդակին հաճախ տրվում է Հայկական լեռնաշխարհ անվանումը։ Սակայն ավելի ճիշտ է առաջինը։ [էջ 8] դասվում է ասիական խոշոր բարձրավանդակների շարքը։ Նա հայ ժողովրդի բնօրրանն է, նրա հետ են կապված հայ ժողովրդի պատմական անցյալի հիմնական դրվագները։ Արևմտյան Հայաստանը ծննդավայրն է հայ ժողովրդի շատ անվանի զավակների, որոնց անունը սերտ կապված է հայ գրքի, գրականության, պոեզիայի և ճարտարապետության պատմության հետ։ Դրանք են՝ Մեսրոպ Մաշտոց (Տարոն, Հացեկաց գյուղ), Սահակ Պարթև, Մովսես Խորենացի (Տարոն Խորնի գյուղ), Նաղաշ Հովնաթան (Վասպուրական), Նահապետ Քուչակ (Վասպուրական, Խառակոնիս գյուղ), Գրիգոր Նարեկացի (Վասպուրական, Նարեկ), Ներսես Շնորհալի, Ֆրիկ, Եղիշե, Կորյուն, Կոնստանդին Երզնկացի և շատ ուրիշներ։ Տարոնում է ծնվել Վարդան Մամիկոնյանը, նոր ժամանակների նշանավոր մարդկանցից՝ Խրիմյան Հայրիկը, Գրիգոր Զոհրապը, Միսաք Մեծարենցը, Սիամանթոն և ուրիշներ։ Գտնվելով Առաջավոր Ասիայի լեռնահանգույցում, Հայկական բարձրավանդակը միավորում է Անատոլիայի և Իրանի բարձրավանդակները, միաժամանակ Առաջավոր Ասիան, և ընդհանրապես Արևելքը կապում է Արևմուտքի հետ։ Աշխարհագրական տեսակետիւց Հայկական բարձրավանդակի բնական սահմանը արևմուտքից Փոքր Ասիա թերակղզու հետ կազմում է Արևմտյան Եփրատը, հարավից սահմանն անցնում է Գլխավոր կամ Հայկական Տավրոսով, շարունակվում Զագրոշի լեռնային համակարգով դեպի Իրանական բարձրավանդակը, որոշ չափով միանում է նրան, ապա Զանգեզուրի լեռնաշղթայով բարձրանում է հյուսիս, անցնում Փոքր Կովկասի մաս կազմող և Սովետական Հայաստանի հյուսիս-արևելյան ու հյուսիսային սահմաններով ձգվող լեռներով (Սևանի, Արեգունու, Միափորի, Վիրահայոց), Չըլդրի (Զարիշատ) լեռների արևմտյան հատվածով, այնուհետև Կարսի սարահարթի հյուսիսով, Թորթումի լեռներով մոտենում է Պարխարյան կամ Արևելա–Պոնտական լեռներին, որոնք բարձրավանդակը եզերում են հյուսիսից՝ անջատելով Սև ծովի ավազանից։ Այս սահմաններում ընկած Հայկական բարձրավանդակը գեոմորֆոլոգիական և աշխարհագրական տեսակետից նաև [էջ 9] իր ուրույն բնությամբ և պատմական անցյալով, մի ամբողջություն է ներկայացնում։ Այժմ դառնանք Հայկական բարձրավանդակի հարավարևմտյան մասին, այսինքն այն մասին, որը գտնվում է Թուրքիայի տերիտորիայում։ Հայկական բարձրավանդակի այդ մասը ունի 140 հազար քառակուսի կիլոմետր մակերես։ Դրան պետք է ավելացնել նաև 1920 թվականին Թուրքիայի կողմից գրավված 26 հազար քառակուսի կիլոմետր տարածությունը, այն է Կարսի մարզը1 և Սուրմալուի գավառը2։ «Հայկական բարձրավանդակ» հասկացությունը վաղուց ի վեր գիտական աշխարհի կողմից վայելում է քաղաքացիական իրավունք։ Բոլոր անվանի աշխարհագրագետներն ու ճանապարհորդները, ինչպես նաև շատ երկրաբաններ իրենց աշխատություններում պահպանել են այդ տերմինը։ Այդպես են վարվել Աբիխը, Լինչը, Օսվալդը, Լեման-Հաուպտը, Ռիտտերը, Ռեկլյուն, Շչուկինը, Դոբրինինը և շատ ուրիշներ: Նույնը պիտի ասել նաև հանրագիտական3 և աշխարհագրական ձեռնարկների մասին։ Մարքսիզմի կլասիկների մոտ էլ Հայաստան անունը հաճախ փոխարինվել է «Հայկական բարձրավանդակ» հասկացությամբ։ Ի դեպ, նրանք երբեք «Հայաստան» հասկացությունը չեն կապել «Անատոլիա» կամ «Փոքր Ասիա» հասկացության հետ։ Դժբախտաբար այդպես չեն վարվում հաճախ ---------------------- 1 Կարսի կամ Ղարսի մարզը բաժանված էր չորս գավառների՝ Կարսի, Կաղզվանի, Օլթիի, Արդահանի։ Կարսի մարզի կենտրոնն էր Կարս կամ Ղարս քաղաքը։ Քաղաքը գտնվում է համանուն գետի վրա, նա հանդիսացել է անառիկ բերդաքաղաք։ Գտնվում է Լենինականից 80 կիլոմետր հեռավորության վրա (երկաթուղով): Քաղաքում կային ռեալական դպրոցներ, օրիորդաց գիմնազիա, զարգացած էին արհեստները։ Նշանավոր է ս. Առաքելոց եկեղեցին, որը հիմնվել է 10-րդ դարում և կանգուն է մինչև այսօր։ Երկաթուղով կապված է Լենինականի հետ։ Կարսը պատմական Վանանդ գավառի Կարուց քաղաքն է։ Ինչպես հայտնի է Վանանդ գավառը մտնում էր Այրարատ աշխարհի մեջ։ 2 Սուրմալուի գավառը մտնում է Արևելյան Հայաստանի մեջ։ Կենտրոնն է Իգդիր ավանը, որը գտնվում է Արաքսի հովտի աջափնյա մասում, Մարգարայի կամրջից 17 կիլոմետր հեռավորության վրա: Այժմ բարեկարգվում է Մարգարայի կամուրջը և դառնում միջազգային գիծ։ ---------------------------------- 3 БЭС 2-е издание, т. 3, стр. 108. [էջ 10] մեզ մոտ հրատարակված շատ աշխատությունների հեղինակներ: Վերցնենք, թեկուզ 1946 թվականին Մոսկվայում լույս տեսած Մատվեևի աշխատությունը, որը նվիրված է Փոքր Ասիա կամ Անատոլիա թերակղզու ֆիզիկո–աշխարհագրական նկարագրությանը1: «Անատոլիա» անվան տակ (թուրքերեն «Անադոլու») հեղինակը հասկանում է ամբողջ Ասիական Թուրքիան: Այսպիսով Մատվեևը Անատոլիայի հետ է միացնում թե՛ աշխարհագրական և թե՛ պատմական տեսակետից նրա հետ ոչ մի ընդհանուր բան չունեցող Հայկական բարձրավանդակը: Սովետական աշխարհագրագետները պետք է նպաստեն հայ ժողովրդի պատմության ու նյութական կուլտուրայի հետ կապված աշխարհագրական հասկացությունները պահպանմանը: Նախ պետք է պարզ լինի մի հանգամանք, որ «Հայկական բարձրավանդակ» կամ «Հայաստան» անունը այս երկրի պատմական և իսկական անունն է: Եթե այդտեղից նրա բնիկները տարագրվել են կամ ենթարկվել ցեղասպանության, դա դեռ իրավունք չի տալիս որնևիցե անվանական փոփոխություն մտցնելու ժողովրդի երկրի նկատմամբ: Պետք է պարզ լինի նաև, որ այդ տերմինների փոփոխումը Թուրքիայի կողմից, սոսկ աշխարհագրական նշանակություն չունի, այլ հետապնդում է նույն նպատակը, ինչին ժամանակին ձգտել են սուլթան Համիդը, Էնվերը, Թալեաթը և մյուսները, այն է՝ երկրում ոչ մի հայկական հետք չթողնել: «Ինչ վերաբերում է քեմալականներին, ապա նրանք շատ կուզենային որ հայկական հարցը աշխարհի համար լիներ պատմության մոռացված էջ»,— իրավացիորեն նկատում է պրոֆ. Դ. Զավրիևը2: Ինչպես հայտնի է Արևմտյան Հայաստան տերմինի փոխարեն երկար ժամանակ գործածական էր «Թուրքահայաստան» հասկացությունը: Սա ճիշտ չէ, քանի որ այդ երկրի հինավուրց բնիկ տարրը հանդիսանում է հայ ժողովուրդը, մինչդեռ թուրքերը այդ երկրի սոսկ զավթիչներն են: ------------------------- 1 Матвеев С. Н., «Турция», Москва, 1946. 2 Завриев Д. С, «К новейшей истории северо-восточных вилайетов Турции», Тбилиси, 1947, стр. 162. [էջ 11] Հայկական բարձրավանդակն ունի բնական մեծ պոտենցիալ՝ լայնարձակ արոտավայրեր, ընդարձակ լեռնահովիտներ, արագահոս ու հորդառատ գետեր, բարգավաճ հող և հարուստ ընդերք: Իր բնական բազմաթիվ հարստություններով, իր մեծ ու փոքր գետերով, սառնորակ աղբյուրներով, հանքային ջրերով, հարավային արևով, առողջարար օդով՝ Հայկական բարձրավանդակը կարող է դիտվել որպես աշխարհի լավագույն անկյուններից մեկը: Հայկական բարձրավանդակը ընկած է այն հանգույցում, որտեղ իրար են հանդիպում Պոնտոսի, Անտիտավրոսի, Տավրոսի, Զագրոշի և Փուքր Կովկասի լեռնաշղթաները: Որ կողմից էլ փորձենք մտնել Հայկական բարձրավանդակը, ամենուրեք պետք է կտրենք ծայրամասային լեռները, որոնք 2500—4000 մետր բարձրություն ունեն: Այս վիթխարի լեռնային զանգվածների գոյացումը, ինչպես հայտնի է, բացատրվում է թե՛ տեղախախտման և թե՛ հրաբխային երևույթներով: Հայկական բարձրավանդակի հարավ-արևմտյան մեծ մասը, ինչպես ասվեց, բռնում է Արևմտյան Հայաստանը, որի սահմաններն Արևելյան Հայաստանի հետ անցնում են հայկական Պարով (Բարդողյան ճյուղով) մինչև Սուրմալու գավառի հյուսիս-արևմտյան սահմանները (Կողբից արևմուտք), Արաքսով մոտենում Ախուրյանին, ապա Ախուրյանով, Սովետական Հայաստանի ներկա սահմաններով, Չըլդրի (Զարիշատի) լեռներով մոտենում Պարխարյան կամ Արևելյան Պոնտական լեռներին, որոնք եզերում են Հայկական բարձրավանդակը: Արևմտյան Հայաստանի արևմտյան սահմանը համընկնում է Հայկական բարձրավանդակի և Փոքր Ասիա թերակղզու բնական սահմանի հետ, այսինք!ն այն անցնում է Արևմտյան Եփրատի ընթացքով՝ Քեմախից (Ակնի վրայով) մինչև Կեբան-Մադեն, որտեղ գետը կտրում է Գլխավոր Տավրոսը: Արևմտյան Հայաստանի հարավային սահմանը անցնում է Գլխավոր Հայկական Տավրոսով և Վանա լճի հարավային [էջ 12] մասերով։ Իսկ արևելյան սահմանը համընկնում է Իրանի պետական սահմանի հետ։ Ուղղություն ընդունելով արևելքից դեպի արևմուտք, այդ շղթաները կարելի է բաժանել երեք գլխավոր ճյուղերի. Հյուսիսային Հայկական Տավրոս, Միջին Հայկական Տավրոս և Գլխավոր Հայկական Տավրոս։ Այժմ դրանցից յուրաքանչյուրի մասին կխոսենք առանձին։ Հյուսիսային Հայկական Տավրոսը սկսվելով Երզնկայից հյուսիս-արևմուտք, անցնում է Էրզրումի (պատմական Բարձր Հայքի) հյուսիսային սահմաններով, հասնում է Թորթումի լեռնաշղթային, ապա շարունակվում է արևելք մինչև Կարսի սարահարթի սահմանները։ Հյուսիս և հյուսիս-արևմտյան կողմում նրանք միանում են Հայոց լեռներին։ Իջնելով հարավ, նրանք կազմում են Սողանլուի (Վանանդի) շղթան, որը Կարսի սարահարթը բաժանում է Բասենից։ Այս լեռները պատած են անտաոներով։ Այստեղով է անցնում Կարս–Էրզրում երկաթուղին։ Պատմական անցյալում Սողանլուի շղթան կոչվել է Մեծրաց լեռներ։ Բարձր Հայքի հյուսիսում ընկած շղթաներից նշանավոր են Դումլու-Դաղը, Թորթումի և Սպերի լեռները։ Թորթումի լեռների ճյուղավորություններում է գտնվում հրաբխային մի լեռ, որը ներկա քարտեզներում հայտնի է Վեսերչե Դաղ անվամբ, ունի 3300 մետր բարձրություն։ Իսկ Հայկական քարտեզներում հայտնի է Միխչիկ անվամբ։ Ճանապարհորդները նրա խառնարանը համեմատում են Վեզուվի խառնարանի հետ։ Միջին Հայկական Տավրոսը ձգվում է բարձրավանդակի համարյա միջին մասով Դերսիմ լեռնաշխարհից դեպի արևելք, ընդհուպ մինչև Հայկական Պար։ Դերսիմը եզերվում է Արևմտյան Եփրատի աղեղով և ընդգրկում է մի ամբողջ լեռնաշխարհ, որի ծայրամասային շղթաները հայտնի են Բաղիր, Մերջան, Չարսանջակի և Մոզուր Դաղ անվամբ։ Դերսիմը Արևմտյան Հայաստանի ամենաանառիկ մասն է համարվում, որտեղ բնակվում է քրդական զազա ցեղը։ Ի դեպ, զազաները հայերի նկատ– [էջ 13] մամբ շատ բարեկամաբար են վարվել և ջարդերի ժամանակ ապաստան են տվել նրանց։ Դերսեմի լեռնաշխարհի արևմտյան լանջերից, հատկապես Մոզուր Դաղից հոսող ջրերը Արևմտյան Եփրատի վտակներն են դառնում։ Դերսիմից արևելք ընկած է գեղատեսիլ Բինգյոլը կամ Բյուրակն լեռները։ Նրա գագաթներից մեկը Սրմանց անունն է կրում, այդտեղից սկիզբ է առնում Արաքսը։ Բինգյոլից են սկիզբ առնում նաև Եփրատի գլխավոր վտակները։ Բյուրակն լեռները հայ ժողովրդի կողմից դիտվել են որպես գեղեցկության ու սիրո սարեր։ Նրանք իրենց հստակ ու քաղցրահամ աղբյուրներով, անթիվ լճերով, բազմերանգ ծաղիկներով հայ ժողովրդի երգերի, ավանդությունների մեջ արժանի տեղ են գտել։ Բյուրակնի անվան հետ այսպիսի մի գեղեցիկ ավանդություն է կապված։ Բինգյոլում ապրելիս են եղել մի հովիվ ու հովվուհի։ Մի օր հովիվը կաքավ է որսում և նվիրում է իր հովվուհուն։ Վերջինս փորձում է աղբյուրներից մեկում լվանալ կաքավի արյունոտ կուրծքը։ Այդ պահին կաքավը կյանք է առնում և թռչում գնում։ Այս մասին, երբ հովիվը տեղեկանում է, հարցնում է հովվուհուն, թե որն է այդ աղբյուրը։ Հովվուհին շվարած, չկարողանալով գտնել հրաշալի աղբյուրը, բացականչում է «Բյուր ակն է, հազար ակն է, ինչ գիտեմ թե որ ակն է...»։ Ըստ ավանդության այստեղից էլ լեռները կոչվել են Բյուրակն։ Բինգյոլին շրջապատում են իր ժամանակին հայաշատ և բնությամբ գեղեցիկ հայկական գավառները. Քղին՝ արևմուտքից, Վարդոն՝ հարավից, իսկ արևելյան կողմից՝ Խնուսի արգավանդ դաշտը, որը ոռոգվում է Արածանիի վտակներով։ Հարավ-արևելյան կողմում ընկած է Խամուր լեռնաշղթան, իսկ հյուսիսում Աղ-Դաղը։ Բինգյոլից անցնելով դեպի հյուսիս-արևելք շարունակում ենք Արաքսի հոսանքով դեպի Հայկական Պար։ Արաքսն այս լեռնաշղթան բաժանում է Փալան-Թոքյանի շղթայից, որն ընկած է Էրզրումից հարավ։ Հայկակաւն Պարը շարունակվելով հարավ-արևելք, հյուսիս-արևմուտքում է թողնում Կարսի սարահարթը։ [էջ 14] Այժմ խոսենք Հայկական Պարի մասին ավելի մանրամասն, հատկապես հայ ժոդովրդի սիրելի լեռան` Մասիսի, որը գտնվում է լեռնաշղթայի արևելյան մասում։ Հայկական Պարի երկարությունը 300 կիլոմետր է, բաղկացած է մի քանի լեռնաշղթաներից և ճյուղավորություններից, որոնք հայտնի են Բարդողյան, Սիսակի, Սուկավետ անուններով։ Ձմեռը Հայկական Պարում խիստ է, իսկ ամառը նրա բնությունը շատ գեղեցիկ է, հատկապես Սինակի ճյուղավորության վրա, որն աչքի է ընկնում իր փարթամ բուսականությամբ և սառնորակ աղբյուրներով։ Հայկական Պարի գոգավորություններում կան գեղատեսիլ լճեր, դրանցից են՝ Գայլատվա (Բալըղ Գյոլ) և Շեյխլի։ Գայլատվա լիճը հարուստ է համեղ ձկներով և իր գեղատեսիլ բնությամբ արժանացել է շատ գրողների գովասանքին։ Լճի հյուսիսային մասում, ափից ոչ հեռու, կա մի փոքրիկ կղզի՝ ավերակ վանքով։ Մյուս լճից՝ Շեյխլիից սկիզբ առնող Կարասու գետակը հոսում է դեպի Ավարայրի դաշտը։ Հայկական Պարի ամենացածր մասում է գտնվում Չինգիլի կամ Օրգովի լեռնանցքը, որը կապում է Արարատյան դաշտը Բայազետի հարթավայրի հետ։ Այս լեռնանցքով է Վանի (Ուրարտուի) թագավորությունը կապվել իր տիրապետությունների հետ։ Մյուս լեռնանցքներից կարևոր են Զոռի, Աբա-Գյոլի, Ղուջախի լեռնանցքները: Հայկական Պարի և ամբողջ բարձրավանդակի ամենաբարձր գագաթն է Մասիսը, բիբլիական1 Արարատը։ Նա բաղկացած է հրաբխային երկու գագաթներից, հյուսիս–արևմտյան՝ Մեծ Մասիս, որը անի 5185 մետր բարձրություն, և, հարավ–արևելյան՝ Փոքր Մասիս, 3914 մետր բարձրությամբ։ Երկու գագաթների միջև ընկած տարածությունը ----------------------- 1 Երբ հրեաները կազմում էին իրենց ավանդական Բիբլիան կամ, ինչպես հայերն են անվանում՝ Աստվածաշունչը, ապա Ուրարտու անվանումը գրում են իրենց արտահայտությամբ՝ Արարատ։ Այսպիսով, ներկայիս Արարատ անունը ձևափոխված Ուրարտուն է։ Հայերը Արարատը անվանում են Մասիս, թուրքերը՝ Աղրի դաղ («ծանր սար»), պարսիկները՝ Կուհի-Նուհ (Նոյի սար): Արարատ անունը ունի նաև ավանդական ստուգաբանություն և կապվում է Արայի անվան հետ։ [էջ 15] ուղիղ գծով 10 կիլոմետր է։ 4400 մետր բարձրությունից վեր Մասիսի գագաթը ծածկված է հավերժական ձյունով։ Մեծ Մասիսը իր տեսքով ավելի շատ կոնաձև է։ Արարատյան դաշտի կողմը ուղղված լանջերը բավական աստիճանական են իջնում դեպի ստորոտ։ Թեքության աճը ավելի մեծ է մյուս կողմում։ Հյուսիսային մասի զառիվայրությունը քիչ է նաև այն պատճառով, որ այս մասում լանջերը ավելի երկար են, քան հարավում։ Ինչպես հայտնի է, Արարատյան դաշտը ծովի մակարդակից մոտ 1000 մետրով է բարձր, այնինչ, Հին Բայազետի կողմից՝ հարթությունը գտնվում է կրկնակի բարձրության վրա, ուստի հյուսիսից Մեծ Մասիսը երևում է ավելի բարձր և ավելի վեհ տեսքով։ Մասիսի գագաթն իր ամբողջությամբ բոլորակ է, 400—500 մետր շրջագծով, սակայն այդ ամբողջականությունը մի ձորակով բաժանվում է երկու համարյա հավասար մասերի։ Այդ բաժանող մասը կամ ձորը ունի մոտ 200 մետր լայնություն, իսկ խորությունը 25 մետր է։ Գագաթները նկատելի կերպով տարբերվում են իրարից, հյուսիս-արևմտյանը՝ արևելյանից։ Սակայն այդ բարձրությունը մեծ չի։ Մասիսի գագաթին օգոստոսին լինում է 20 աստիճան սառնամանիք։ Մասիսն ունի խոր ձորեր, անդունդներ ու վիհեր։ Հայ ժողովուրդն այդ անդունդները համարել է չարի և նախանձի խորտակման վայրեր։ Ինչպես պատմում է ավանդությունը, այդ վիհերից մեկում կործանվեց Արտավազդը՝ Արտաշես թագավորի որդին։ Ժողովուրդը սիրում էր Արտաշեսին։ Արտավազդը, չի թաքցնում իր նախանձը հոր հանդեպ։ Մահվան մահճում նա հորը ասում է. «Ահա դու գնացիր և ամբողջ աշխարհը քեզ հետ տարար, ես ավերակների վրա ինչպես թագավորեմ»։ Այդ ժամանակ հայրն անիծում է նախանձ որդուն, ասելով. «Երբ որսի ելնես Ազատ Մասիսի վրա, քաջքերը բռնեն քեզ և տանեն վեր, Ազատն ի Մասիս, այնտեղ մնաս և լույս չտեսնես»։ Եվ երբ Արտավազդը թագավոր դարձավ, հալածեց իր եղբայրներին ու մերձակիցներին, որ չլինի թե նրանցից մեկն ու մեկը իր գահին տեր դառնա, որովհետև ինքը զավակ չուներ։ Սակայն, մի օր, երբ նա դեպի Մասիս որսի է գնում՝ [էջ 16] ձիու հետ մեկտեղ գլորվում է Մասյաց վիհը և այդ անդունդում կորչում անհետ։ Քաջքերը շղթայում են նրան, որ դուրս չգա այդ անդունդից, նրա հետ դուրս չգա չարն ու նախանձը։ Կողքին նստած երկու հավատարիմ գամփռները շարունակ կրծում են շղթաները, բայց աշխատասեր ժողովուրդը չի ցանկանում, որ չարն ու նախանձը դուրս գա։ Դրա համար ավանդույթ է դարձել՝ դարբինները տարին մեկ, ուրբաթ երեկո, աշխատանքի վերջին պահին չորս անգամ խփում են սալին, որ անիծյալ արքայի շղթաները նորից ամրանան։ Այդ մասին գեղեցիկ է ասում Հովհաննես Հովհաննիսյանը. «Զարկեցեք, դարբիններ, կռանը սալին, Զարկեցեք կռանը, շղթայքն ամրանան, Անիծյալ արքայի կապանքն ամրանան. Զարկեցեք դարբիններ, կռանը սալին»։ Մեծ Մասիսի կողքին կոնաձև բարձրանում է Փոքր Մասիսը, որին հայ ժողովուրդը անվանել է ևաև Սիս։ Փոքր Մասիսը ամառվա ամիսներին ձյունից ազատ է։ Նա իր տեսքով լրացնում է այն գեղատեսիլ համայնապատկերը, որը բացվում է Արարատյան դաշտից դեպի Մասիս։ Աշխարհում դժվար է գտնել նման զուգադիպություն, ինչպիսին են Մեծ և Փոքր Մասիսները։ Ահա թե ինչ է գրում անվանի ճանապարհորդ Լինչը՝ «Կարելի է համարձակորեն ասել, որ երկրի մակերևույթի վրա չկա այնպիսի վայր, որը իր տեսարանի գեղեցկությամբ ու վեհությամբ գերազանցի այստեղ մեր առաջ բացվածին։ Եվ դժվար չէ բացատրել, թե ինչու դա մարդու վրա այդպիսի ուժեղ, անմոռանալի տպավորություն է գործում։ Ոչ մի տեղ բնությունը չի ստեղծել նման վիթխարի մասշտաբներ, նրա ոչ մի ստեղծագործության մեջ չի եղել ավելի մեծ ըմբռնման միասնություն, առավել ներդաշնակ պատկեր, առավել վեհապանծ շրջակայք։ Բոլոր գաղտնիքները, որոնք ստեղծում են անծայրածիր օվկիանոսի և անհատակ երկնակամարի հմայքը, հյուսիսային գոտիների ամբողջ չքնաղ լուսաստվերները, մեղմ մռայլությունը, հարավի ամբողջ բազմերանգ ճաճանչափայլությունը, [էջ 17] այս բոլորը առատորեն ձուլված են Արարատը շրջապատող և նրա ոտքի տակ դրախտանման փռվող համայնապատկերի մեջ»1։ Մեծ և Փոքր Մասիսների բռնած տարածությունը կազմում է 970 քառակուսի կիլոմետր։ Արարատից հոսող ջրերը հիմնականում ներծծվելով ծակոտկեն հրաբխային ապարներում դուրս են գալիս Հին Բայազետի դաշտում՝ գոյացնելով հսկայական ճահիճներ։ Դա պատմական Կոգովիտի Շամբն է, որը հարուստ Էր վայրի խոզերով և այլ թռչուններով։ Շամբի շրջանում կան հսկայական խոտհարքներ, որոնք տեղացիները չայիր էին անվանում։ Մասիսը սերտորեն կապված է հայ ժողովրդի պատմական անցյալի հետ. պատկերված է նրա պետական գերբի վրա, հայ ժողովրդի սիրելի սարն է այնպես, ինչպես շվեյցարացիների համար «Յունգֆրաուն», ճապոնացիների համար «Ֆուձիյաման»։ Զույգ Մասիսների միջև եղած գոգավորությունը կոչվում է Սարդար–Բուլաղ։ Այդ բաբձրադիր գոգավորությունը գտնվում է 2257 մետր բարձրության վրա և անցյալում եղել է ռուսական սահմանապահ զորաբաժնի կայանը։ Այստեղ գտնվող Սարդարի աղբյուրը, որի անունից էլ գոգավորությունն է կոչվում, ջուր էր մատակարարում բոլոր սահմանամերձ կայաններին և քրդական շրջակա օբաներին։ Այդ աղբյուրն անկասկած ունեցել է իր հայկական անունը, որը սակայն մոռացվել է ու փոխարինվել թուրքականով այն օրվանից, երբ Երևանի Սարդարը այդ աղբյուրի զովասուն ափերը իր ամառանոցը դարձրեց։ Աղբյուրը շրջապատված է գեղեցիկ պուրակներով, որոնք ժամանակին ռուսները խնամքով պահում էին։ Անցյալում, հավանաբար, Փոքր Մասիսը գոտևորել են կեչու, թղկենու խիտ անտառներ։ Գիտնական Աբիխը դեռ 1844 թվականին տեսել է անտառային այդ գոտին, որը հասել է մինչև Սարդար–Բուլաղ, բայց հետագայում այն աստիճանաբար կտրտվել է։ Մասիսի գագաթ կարելի Է բարձրանալ երկու ուղղու– ---------------------- 1 Линч X. Փ. Б., Армения, т. 1, Тифлис, 1910, стр. 180. [էջ 18] թյամբ, մեկը՝ Սարդար–Բուլաղի վրայով, մյուսը՝ արևմտյանը, Օրգովի ուղղությամբ՝ ս. Հակոբփ վանքի կողմից։ Ս. Հակոբի վանքը գտնվում է Ակոռի գյուղատեղից չորս կիլոմետր հեռու: Ակոռի հայկական գյուղը, որը գտնվում էր Մասիսի հյուսիս–արևմտյան կողմում, մի նեղ ու խոր ձորակի ափին, 1840 թվականի հունիսի 20–ին տեղի ունեցած երկրաշարժի և ապա հունիսի 24-ին՝ Մասիսի ձյան ահավոր մեծ փլվածքի հետևանքով կործանվեց։ Սխալ է այն կարծիքը, թե միաժամանակ արտավիժել է լավա1։ Պարրոտը և Աբովյանը առաջինն էին, որ բարձրացան Մասիսի գագաթը ս. Հակոբի կողմից։ Սակայն հետագայում պարզվեց, որ ամենից հարմարը Սարդար–Բուլաղի կողմից է, որովհետև այս մասում կան, այսպես կոչված, տերրասանման բարձրություններ, որոնք կարծես բնական, աստիճաններ են և ճանապարհորդները հանգստանալով ու կանգառներ սահմանելով գնում են դեպի վեր։ Մասիսի գագաթը բարձրանալու ամենահարմար ժամանակը համարվում է օգոստոսի վերջերը մինչև սեպտեմբերի կեսերը, այսինքն այս ժամանակ, երբ նրա գագաթը ազատ է ամպերից։ Սարդար–Բուլաղից մինչև գագաթը հասնելը տևում է տասից տասներկու ժամ, իսկ վերադարձը՝ հինգից վեց ժամ։ Ճանապարհորդներից շատերը բարձրանալիս գիշերել են չորս հազար չորս հարյուր, մետր բարձրության վրա։ (Տուռնեֆոր, Պարրոտ և Աբովյան, Աբիխ, Սեմյուր և Աբովյան, Խոձկո և Խանիկով, Պաստուխով, Լինչ, Մխիթարյան և ուրիշներ) առանձին հիացմունքով են խոսում այն մեծասքանչ տեսարանի մասին, որը բացվում է Մասիսի գագաթից։ Մասիսի գագաթը գիտական նպատակով, առաջին անգամ 1701 թվականի օգոստոսի 10-ին, փորձեց բարձրանալ ֆրանսիացի նշանավոր բուսաբան ճանապարհորդ Ժոզեֆ–Տուռնեֆորը։ Ժոզեֆ Տուռնեֆորի դեպի Մասիս կատարած ճանապարհորդությունից պարզվեց, որ դեպի լեռան գագաթ բարձրանալիս, բուսականությունը փոխվում է ըստ գոտիականու– ------------------------- 1 «Современники օ X. Абовяне» ժողովածու. 1941 թ., էջ 10։ [էջ 19] թյան։ Այս հիանալի գաղափարը խորացրեց անվանի ճանապարհորդ–բնագետ Ալեքսանդր ֆոն Հումբոլտը՝ Կանարյան կղզիներում, Տեներիֆ լեռան գագաթը բարձրանալիս։ Դա հիմք ծառայեց նրա կողմից «բույսերի աշխարհագրության» գիտության հիմնադրմանը։ Տունեֆորը, որպես բուսաբան, հետաքրքրվում էր միայն բույսերով, և նրա ծրագրի մեջ չէր մտնում Մասիսի գագաթին հասնելը։ Այդ պատճառով, երբ հասնում է մշտնջենական ձյան սահմանին, վերադառնում է։ Չնայած նա գագաթին չհասավ, բայց նա առաջինն էր, որ տվեց Արարատի ֆիզիկական առանձնահատկությունների և նրա ֆլորայի բավականին ճիշտ նկարագրությունը։ Մասիսի գագաւթը բարձրանալու համար պայմաններ են ստեղծվում 1828 թվականից հետո միայն։ Այսինքն, երբ Թուրքմենչայի պայմանագրով Իրանից Ռուսաստանին է անցնում Սուրմալուի գավառը։ Ռուսաստանի սահմանը կտրում են Մեծ և Փոքր Մասիսները, թողնելով Ռուսաստանին այդ լեռների հյուսիս–արևմտյան լանջերը։ 1829 թվականին, Էջմիածին է ժամանում Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆ. Պարրոտը, որը Խ. Աբովյանի ուղեկցությամբ փորձում է Մասիսի գագաւթը բարձրանալ։ Նրանք մի բանի անգամ ստիպված են եղել վերադառնալ Ակոռի։ Գագաթը բարձրանալիս, նրանք իրենց հետ տանում էին կաղնուց պատրաստած մի մեծ խաչ, որը պետք է կանգնեցնեին Մասիսի գագաթին։ Խաչի բարձրացումը դանդաղեցնում էր էքսպեդիցիայի ընթացքը։ Մասիսի գագաթը բարձրանալիս, Պարրոտը Աբովյանին համոզել է, որ մնա Ակոռիում։ Աբովյանը չուներ երկաթագամ կոշիկներ և սրածայր գավազան։ Բայց Աբովյանը չի զիջել։ Սեպտեմբերի 27–ի վերջին վերելքին մասնակցում էին Պարրոտը, Աբովյանը, Ակոռիի մի քանի գյուղացիներ և երկու զինվոր։ Գագաթ չհասած, նրանք քամուց պաշտպանված մի տեղում գիշերում են և սեպտեմբերի 28-ի վաղ աոավոտյան շարժվում վեր ու գիշերելու տեղից մինչե գագաթը անցնում տասը ժամում՝ հասնելով Մասիսի գագաթը մոտավորապես ցերեկվա ժամի չորսին։ [էջ 20] Գագաթը վրա նրանք ուրախությունից ու հրճվանքից սկսել են վազվզել այս ու այն կողմը, դիտել սարի եզերքը, ստորոտը, մեկն ապշել, զարմացել է սարի բարձրության վրա, մյուսը՝ հեռավոր տեղերը «ընդ ակամբ ածել», և ամենքը մրաբերան շնորհավորել են միմյանց։ Արևն սկսել է թեքվել, օրն երեկոյանալ։ Պարրոտը ձեռնարկել է լեռան բարձրությունը չափել, իսկ Աբովյանն այս ու այն կողմ է ընկել, որ մի բան կարողանա գտնել ապագայի համար հիշատակ տանելու, բայց ձյունաշեղջ սառույցների ահագին կուտակումների հետևանքով, ոչինչ չի գտել։ Հետո, վերադառնալու պահին վերցնելով փայտե խաչը, որ իր հետ բերել էր ս. Հակոբից, իր ձեռքով տնկում է գագաթին, նրա հյուսիսային կողմում, նա վերցրել էր իր հետ մի կտոր կոշտացած ձյուն, որը թեև ճանապարհին հալվել էր, բայց ջուրը մի քանի օրից հետո հասցրել էր Էջմիածին1։ Էջմիածնում, և այնուհետև Երևանում թե՛ Պարրոտին և թե՛ նրա ուղեկիցներին չէին ուզում հավատալ, որ նրանք եղել են Մասիսի գագաթին։ Թիֆլիսի մամուլում լույս է տեսնում մի հոդված, որը կասկածների մեջ էր դնում Պարրոտի պատմածների ճշտությունը։ Այդ կասկածները, որը տարածվում էր սնոտիապաշտ ժողովրդի մեջ, անցնում են նաև եվրոպական մամուլի էջերը։ Սակայն ժամանակ է անցնում, և Պարրոտից ու Աբովյանից հետո Մասիսի գագաթ են բարձրանում շատ ուրիշ ճանապարհորդներ, գիտնականներ, և նրանց կողմից կատարած գիտական նկարագրությունները ավելի հաստատում են Պարրոտի և Աբովյանի ասածները։ Աբովյանը և անվանի երկրաբան Աբիխը 1844 թվականին փորձում են բարձրանալ Մասիսի գագաթը, սակայն անբարենպաստ եղանակի պատճառով կես ճանապարհից վերադառնում են։ 1845 թվականին ակադեմիկոս Աբիխը բարձրանում է Մասիսի գագաթը, արդեն առանց Աբովյանի։ 1845 թվականին Արքեելքում կատարած իր ճանապարհորդությունների ժամանակ Երևան է այցելում անգլիացի գիտ– ----------------------- 1 Դիվան Խ. Աբովյանի, Արմֆան, Երևան, 1940, էջ 228։ [էջ 21] նական Սեյմուրը։ Վերջինիս հրավերով Աբովյանը մասնակցում է դեպի Մասիս կատարած վերելքին և 1845 թվականի սեպտեմբերի կեսերին մեկնում են Երևանից։ Այս անգամ Արալըխի և Սարդար– Բուլաղի կողմից են բարձրանում, որտեղից վերելքը բավականին հեշտ էր։ Հայտնի է նաև, որ 1850 թվականին ռուսական էքսպեդիցիան բարձրացավ Մասիսի գագաթը և այնտեղ մնաց վեց օր։ Ռուսական այս նշանավոր արշավախումբը գլխավորում էր գնդապետ Ի. Ի. Խոձկոն Խանիկովի հետ. արշավախմբի մեջ էին բազմաթիվ գիտնականներ, այդ թվում կովկասագետ Ուսլարը, Թիֆլիսի աստղադիտարանի դիրեկտորը, շատ տոպոգրաֆներ և զինվորականներ։ Դրանից հետո Մասիսի գագաթ բարձրանում են համարյա յուրաքանչյուր տասը տարին մեկ անգամ՝ Ստյուարտը՝ 1856 թվականին (Բայազետի կողմից), Բրայսը՝ 1876 թվականին, Բեկերը՝ 1878 թվականին, Մարկովը՝ 1888 թվականին, Պաստուխովը՝ 1893 թվականին, Լինչը՝ 1893 թվականին և վերջապես մանկավարժ Ա. Մխիթարյանը՝ 1903 թվականին։ Մասիս և Արագած լեռների, Ախուրյանի ու Արփայի գետաբերանների միջև՝ Արաքսի միջին հոսանքում, փռված է Արարատյան դաշտը1, Հայաստան երկրի սիրտը... Այստեղ Արտաշես թագավորը հիմնադրեց Արտաշատ քաղաքը, որը, ----------------------------- 1 Ընդհանրապես պետք է ասել և գրել Արարատյան դաշտ և ոչ թե դաշտավայր։ Ավանդաբար դաշտավայր անունը տրվում է այն հարթավայրերին, որոնք ծովի մակարդակից բարձր են ոչ ավելի քան 200 մետր։ Հիշենք Ամազոնի, Արևմտասիբիրական, Մերձկասպյան և այլ դաշտավայրեր։ Արարատյան դաշտը գտնվում է ծովի մակարդակից մոտ հազար մետր բարձրության վրա և բնական է, որ նրան դաշտավայր անվանելը սխալ է, որ նա այդպիսին լինել չի կարող, այլ դաշտ է, այսինքն՝ ոչ մեծ տարածություն գրավող բարձրադիր հարթ տեղանք։ Այս «գյուտը» հեղինակին չի պատկանում, այն վաղուց ի վեր ընդունված է աշխարհագրական գրականության մեջ և օգտագործված մեր դասական հեղինակների կողմից։ Ում չի ծանոթ «Արարատյան դաշտի առավոտը» Րաֆֆու «Սամվելից»։ Հիշենք նաև Մշո դաշտ, Աբաղայի դաշտ, Լոռվա դաշտ, Շիրակի դաշտ և այլ հիշատակումներ: [էջ 22] Պլուտարքոսի խոսքերով, դարձավ «մի մեծ ու շատ գեղեցիկ քաղաք, անվանվեց թագավորի անունով և հայտարարվեց Հայաստանի մայրաքաղաք»։ Արաքսի շուրջն են գտնվել պատմական Արմավիրը, Երվանդակերտը, Բագարանը, Երվանդաշատը, Վաղարշապատը, Դվինը, որոնք եղել են երբեմնի ծաղկած քաղաքներ, իսկ մի քանիսն էլ՝ մայրաքաղաք։ Արարատյան դաշտով է հոսում Արաքսը, որը այդ դաշտը բաժանում է երկու մասի։ Եթե Մասիսից աննման տեսարան է բացվում դեպի Արարատյան դաշտ, ապա ոչ պակաս հոյակապ ու գեղատեսիլ է այն պատկերը, որը բացվում է Երևանից դեպի Մասիս։ Մասիսից հարավ գեղեցիկ տեսարան է բացվում դեպի Բայազետի (պատմական Կոգովիտի) հարթությունը, որի վերջում, լեռների ծոցում թառել է Հին Բայազետը (պատմական Դարոյնք ամրոցը)։ Ավելի հեռվում երևում են Թոնդուրեկի լեռներն ու Ծաղկոտն սարերը, իրենց հարավում բարձրացող Հայկական «երկրորդ Մասիսով», այսինքն՝ Սիփանա սարով։ «Հրաշալի են արևմուտքում և արևմտահարավում Բարձր Հայքի, Սասունի և Վասպուրականի լեռները Արարատի գագաթից շարք–շարք, մեկը մյուսից հետո, մեկը մյուսից բարձր, կանգնած են թափանցիկ մառախուղի անսահման հեռավորության մեջ այդ շղթաները, և թվում է թե մեկը դիտմամբ շարել է նրանց այդ կարգով, որպեսզի ամենքն էլ, առանց մեկը մյուսին նախանձելու տեսնեն հայրենի լեռների հսկային և ոչ ոք տեղիք չունենա գանգատվելու»1։ Դրանք փաստորեն Արևմտյան Հայաստանի լեռներն են ձգված հյուսիսից հարավ՝ ուղղաձիգ շարքերով, որոնց միջև ընկած են լայնանիստ դաշտեր ու հովիտներ, որոնցից ավելի հյուսիսայինով՝ Ալաշկերտով հոսում է Արածանին (Մուրադը)։ Այսպիսով, թե՛ Արևմտյան Հայաստանի, թե՛ Արևելյան Հայաստանի այս գեղատեսիլ համայնապատկերները կազմում են մի ամբողջություն, որը հայտնի է Հայկական բարձրավանդակ անվան տակ։ -------------------------- 1 Մխիթարյան Արշ. Դեպի Արարատ, Թիֆլիզ, 1904, էջ 144։ [էջ 23] * * * Հայկական Պարը դեպի արևմուտք գնալով, Արարատյան դաշտը և Արաքսի հովիտը բաժանում է Բայազետի, Ալաշկերտի հարթությունից, մինչև Սուկավետ (Քյոսա Դաղ)։ Հայկական Պարի հյուսիսային ճյուղավորությունը, որը երևում է Արարատյան դաշտից, կոչվում է Բարդողյան շղթա։ Իսկ նրանից հարավ ձգվող շղթան կոչվում է Սինակի։ Ավելի ջրառատ է և փարթամ բուսականություն ունի Սիմակի շղթան։ Բարդողյան լեռները մոտենալով Մասիսին ցածրանում են և ստեղծում մի լեռնանցք, որը հայտնի է Խարաբա Բաժար անվան տակ. ավելի ճիշտ կլիներ Արշակավանի լեռնանցք անվանել, քանի որ նա անմիջապես հասցնում է Արշակավան քաղաքի ավերակներին։ Սինակի և Բարդողյան շղթաները առանձին սիստեմներ են։ Դրանք իրարից բաժանող գոգավորությունները հարուստ են փարթամ արոտավայրերով և գեղեցիկ բնություն ունեն։ Այս գեղեցկությունը լրացվում է Գայլատվա լճով։ Լիճն ընկած է այն գեղատեսիլ գոգավորությունում, որտեղից բացվում է աննման տեսարան՝ մի կողմից դեպի Մեծ Մասիսը, մյուս կողմից՝ Սինակի կանաչազարդ լեռները։ Այս լիճը գովերգված է գրողների ու բանաստեղծների կողմից։ Նրանք հիացել են լճի վճիտ նազելի ծփանքով, նրա վաղորդյան մշուշապատ տեսքով։ Լճին ավելի գեղեցիկ տեսք է տալիս ափից ոչ հեռու գտնվող փոքրիկ կղզին։ Լիճը հարուստ է կարմրախայտ ձկներով։ Ձկնառատության աատճառով օտարներն անվանել են Բալըղ-գյոլ (ձկնալիճ)։ Լճից սկիզբ է առնում Ձկնագետը կամ ինչպես անվանում են Բալըղ-չայը։ Սա թափվում է բարձրությունից և գեղեցիկ ջրվեժ առաջացնում։ Ահա այստեղ է գտնվում այն խարխուլ ջրաղացը, որն իր տիրոջ անունով կոչվել է Գսպեի ջրաղաց։ Սինակի շղթան շատ լայնանիստ հովիտներ և առատ ոռոգվող մարգագետիններ ունի։ Այդպիսի լեռնահովիտներից հիշատակության արժանի է Մուսունի գոգավորությունը։ Նա հարավ-արևմուտքից սահմանափակվում է Դիադինի բարձրությունով, իսկ հարավից՝ Թոնդուրեկի սիստեմով։ Հայկական Պարում կան նաև երկու այլ գագաթներ՝ Փերիլի կամ Պերլի, որն ունի 3244 մետր բարձրություն և գտն– [էջ 24] վում է Գայլատվա լճից հյուսիս-արևմուտք ու նրա մոտով է անցնում Ախտայի լեռնանցքը՝ 2562 մետր բարձրության վրա։ Իսկ մյուս գագաթն է՝ Կողբա սարը։ Վերջինս պատմական Բարդող լեռն է, որի անունով կոչվում է Հայկական Պարի վերոհիշյալ ճյուղավորությունը։ Հայկական Պարի դեպի Ալաշկերտ շարունակության վրա գտնվում է Քյոսա–դաղ, հայկական անունով՝ Սուկավ, Սուկավետ կամ Ջրաբաշխ լեռը։ Իր կոնաձև տեսքով շատ նման է Մասիսին։ Սուկավետը հյուսիս-արևմուտքից իշխում է Ալաշկերտի դաշտի վրա։ Ըստ Լինչի, Սուկավետի բարձրությունը 3360 մետր է։ Միջին Հայկական Տավրոսի առանձին լեռներից ու գագաթներից նշանավոր են Աղ-դաղը, Խամուրը, Բլեջանը: Բլեջանը Բուլանըխի ամենաբարձր սարն է. նա մի ամբողջ զանգվաւծ է, և Բուլանըխը բաժանում է Վերին և Ներքին մասերի։ Առանձին գագաթներից հայտնի են Նեմրութ կամ Նեբրովթ ե Գռգուռ սարերը։ Արևմտյան Հայաստանի արևելյան առանձին լեռնային զանգվածներից կարևոր է Ծաղկանց (Ալա-դաղ) լեռնաշղթան, որն ընկած է Վանա լճի ավազանի և Հայկական Պարի միջև։ Ծաղկանց լեռների ամենաբարձր գագաթը կրում է Ալա–դաղ անունը և ծովի մակարդակից բարձր է 3519 մետրով։ Այս գագաթի հայկական անունն է Ծաղկի լեռ, որից և իր անունն է ստացել Ծաղկոտն գավառը։ Այս լեռան մոտից է սկիզբ առնում Արևելյան Եփրատը (Մուրադ, Արածանի)։ Ծաղկանց լեռներն սքանչելի բնություն ունեն, պատած են ծաղիկներով ու փարթամ խոտերով։ Ծաղկանց լեռների հարավում գտնվում է Զիլանի կիրճը, որն իր վայրի բնությամբ, հանքային ջրերով և պղնձի հանքերով մնում է անօգտագործելի։ Ծաղկանց լեռներից հարավ-արևմուտք ձգվում է առանձին լեռնային ճյուղավորություն, որտեղ բարձրանում է Սիփանը։ Ինչպես ասվեց, Սիփանն իր տեսքով հիշեցնում է Մեծ Մասիսը։ Ավանդությունն ասում է, երբ Նոյը մոտեցավ Սիփանին, այնտեղ կանգ առնելու համար, ապա վերջինս ասաց՝ «Գնա Մասիս, որը բարձր է ու վեհ, քան զիս»։ [էջ 25] Հայաստանի այս երկրորդ Մասիսի հետ կապված են շատ ավանդություններ. Ախլաթի այդ լեռը Հայոց Պառնասն է։ Ծաղկանց (Ալա-դաղ) լեռներից արևելք մեր առջև բացվում է մի հիասքանչ հարթություն՝ Աբաղայի դաշտը։ Դաշտի երկարությունը 60 կիլոմետր է, լայնությունը՝ 30: Գարնանը դաշտը ծածկվում է փարթամ խոտով։ Դաշտով հոսում է Բերկրի գետը, որի վտակն է Սոուկ-սուն։ Ծաղկանց լեռներից արևելք, Բայազետից քիչ հարավ, ընկած է Թոնդուրեք (թանդուրեք) հանգած լեռը։ Այս լեռը, ինչպես ցույց է տալիս անունը («թոնիր», «ծխացող»), անվերջ ծխում է, որը բարձրավանդակի հրաբխային անցյալի մասին է վկայում։ Նման է Վեզուվին, արձակում է ջրային և ծծմբային գոլորշիներ։ Հաճախ լսվում են ստորերկրյա որոտներ։ Հրաբխի խառնարանը ձևածիր է, մոտ երկու կիլոմետր շրջագծով։ Խորությունը 320 մետր է. հատակում պսպղում են լճակներ: Ծաղկանց լեռներից դեպի հյուսիս գտնվում է Նպատ լեոը (Ուչ Քիլիսայի մոտ)։ Հայկական բարձրավանդակը ունի շատ արգավանդ ու լայնանիստ դաշտեր, լեռնահովիտներ, որոնք իրար հետ կապվում են լեռնանցքներով։ Տեղացիները այդ լեռնանցքները անվանում են Գեդուկ։ Այսպես օրինակ, Օրգովի կամ Չինգիլի գեդուկ, որտեղով անցնում է Իգդիրից Բայազետ տանող ճանապարհը, Չոռի գեդուկով անցնում է Իգդիր, Մուսուն, Դիադին տանող ճանապարհը։ Գեդուկներից նշանավոր է նաև Ղուջաղի գեդուկը, որտեղից անցնում է Իգդիր, Արծափ, Մուսուն, Բայազետ տանող ճանապարհը։ Ի դեպ, Արծափը պատմական Հայաստանի նշանավոր բերդավանն է։ Գտնվում է Արարատյան նահանգի Կոգովիտ գավառում՝ Չինկիլի լեռնահովտում։ Պատմության մեջ հիշվում է 6-րդ դարից։ Գյուղում գտնվում է ս. Գրիգոր անվամբ ավերակ վանքը։ Ժամանակի ընթացքում Արծափի հայերը գաղթել են Արևելյան Հայաստան։ Ներկա Ծովագյուղ (Չիբուխլի), Մեղրաձոր (Թայչարուխ), Արագյուղ (Ղարաջորան) գյուղերի բնակիչները ամբողջապես իր ժամանակին եկել են Արծափից։ Նրանք մինչև այժմ էլ պահպանել են [էջ 26] Արծափի բարբառը։ Հետաքրքիրն այն է, որ այդ բարբառով Արևմտյան Հայաստանում միայն արծափցիներն էին խոսում։ Արծափը ջրառատ գյուղ է, բայց այդ ջրերը դուրս գալով Արծափի հանդերից, Բայազետի դաշտի հարավային ծայրում, չհասած Մասիսի փեշերին կորչում են։ Տեղացի ժողովուրդը այսպիսի մի դարձվածք ունի. «Ոչ Արծափի ջուրն է ուրիշին խառնվում և ոչ էլ Արծափի լեզուն»։ Մյուս գեդուններից են Սինակի, Չամչայի, Խփագի, Գորչովիր և այլ գեդուկներ։ Հայկական բարձրավանդակի հովիտներից նշանավոր են՝ Ալաշկերտի հովիտը, որը Բայազետի հարթությունից բաժանվում է Խփագի լեռնանցքով։ Այդ հովտով հոսում է Արևելյան Եփրատը (Մուրադ)։ Ալաշկերտը հացի նշանավոր շտեմարան է։ Արածանին այս շրջանի գեղեցկությունն է, կյանք տվողը։ Պատահական չի, որ պատմական Հայաստանում այդքան նվիրագործվել է այս գետը. «Բոլոր տեղերում Արածանին մի սրբազան պաշտամունքի առարկա է։ Հեթանոսության շրջանում հայերը իրենց ազգային կրոնական ամենանշանավոր տոնախմբությունները (Նավասարդի) կատարում էին Արածանիի ակունքների մոտ։ Քրիստոնեությունը նվիրագործեց այս սրբազան պաշտամունքը, այստեղ Նպատ սարի ստորոտում էր, որ Արածանիի ջրերի մեջ մկրտվեցին Տրդատ թագավորը, նրա ընտանիքը, զորքը և քրիստոնեությունը պաշտոնական կրոն դարձավ Հայաստանում»1: Արածանին Ալաշկերտի հովտում ընդունում է Շարիան գետը և Ղարաքիլիսայի մոտ ընթանում դեպի հարավ-արևմուտք՝ Մանազկերտ և Բուլանըխ։ Դաշտը գտնվում է ծովի մակարդակից 1800 մետր բարձրության վրա և շրջապատված է լեռներով: Շիրվանզադեն 1915 թվականի սկզբներին Հ. Թումանյանի հետ, Ալաշկերտսվ անցնելիս, իր տպավորություններում գրում է. «Ավանդությունն ասում է, որ հովիտը և նրա շրջակա լեռները մի ժամանակ զարդարված են եղել գեղեցիկ ծառաստաններով։ Անկասկած, այն ժամանակները, երբ երկրի ----------------------------- 1 Լեո, «Հայ հայրենիք», էջ 58։ [էջ 27] տերերը՝ թուրքերը և բնակիչները քուրդերը չէին։ Եկել են վայրենի հորդաները և դրախտը մերկացրել իր սքանչելի զգեստից»1։ Ալաշկերտից արևելք ընկած է Ձիրավի դաշտը։ Ձիրավը տարածվում է Նպատ լեռան հյուսիսային և արևելյան կողմերը, Խփագի լեռնանցքից մինչև հայկական Զիրո գյուղը։ Ձիրավը գրավում է Արածանիի վերին հոսանքները։ Նա ջրառատ ու ծաղկավետ երկիր է, հարուստ է հանքային ջրերով։ Ձիրավը հայտնի է իր նշանավոր, ճակատամարտով (4–րդ դարում)։ Հայտնի է նաև Բուլանըխի դաշտը, որը միանում է Ալաշկերտին Ղլիճ գեդուկով։ Բուլանըխի շրջանը ընդգրկում է Մուրադի միջին հոսանքները, որտեղ իշխում է Բլեջանի լեռնային զանգվածը, որը Բուլանըխը բաժանում է երկու մասի՝ Վերին Բուլանըխ (Բլեջանից արևելք) և ներքին Բուլանըխ (Բլեջանից արևմուտք)։ Բլեջան լեռը ունի մոտ 2750 մետր բարձրություն։ Գտնվում է Խամուր լեռնազանգվածից հարավ-արևելք՝ Վանա լճից և նրա ափին գտնվող Խլաթ քաղաքից մոտ հիսունինը կիլոմետր հեռու։ Բլեջանի հյուսիսային և հարավային մասերում կան լճեր՝ Նազիկը, Բուլաման։ Նշանավոր է նաև Բասենի դաշտը, որը Արաքսի վերին հոսանքով բաժանվում է երկու մասի։ Բասենը ընկած է Էրզրումից դեպի արևելք՝ Դեվե–Բոյունի լեռներից այն կողմ։ Նա երկայնակիորեն ձգվում է Արաքսի վերին հոսանքով՝ Խորասանի կիրճից մինչև Դեվե-Բոյունի, որը կազմում է մոտ յոթանասուն կիլոմետր։ Բասենի դաշտը եղել է Բարձր Հայքի շտեմարանը։ Բասենի հյուսիսային մասում կարևոր բնակավայրերն են՝ Հասան-Ղալա և Քյոփրի-Քեոյ։ Հացառատ դաշտերից է նաև Մուշի դաշտը։ Մուշ քաղաքը համանուն շրջանի և դաշտի գլխավոր քաղաքն է, որը մտնում է Բիթլիսի վիլայեթի մեջ։ Մուշի դաշտը գտնվում է Տիգրիս և Եփրատ գետերի համար ջրբաժան հանդիսացող Գլխավոր Տավրոսի լեռնաշղթայի հյուսիսային ստորոտնե– ------------------------------------- 1 Ձիթենի, 1915 թ., էջ 51։ [էջ 28] րում։ Մուշի դաշտը տարածվում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք։ Նրա ձգվածությունը մոտ վաթսունվեց կիլոմետր է։ Եթե դիտեք Մուշի դաշտը՝ Աղրի–դաղից, ապա կտեսնենք, թե որքան նման է Ալաշկերտի շրջանին։ Եվ իրոք, այդ երկու իջվածքներն էլ մի ժամանակ լճի է հատակ են եղել։ Մուշի ցածրահարթոււթյան (դեպրեսիայի) սահմանը՝ հյուսիսում կազմում է Խամուրի զանգվածքը, դեպի հյուսիս-արևելք՝ Բինգյոլը. հարավում՝ Գլխավոր Տավրոսի շղթան, իսկ դեպի արևելք բարձրանում է Նեմրութ սարը։ Մուշի դաշտից երևում է նաև վեհանիստ Բլեջան լեռը։ Մուշի դաշտի բնակավայրերը գերազանցապես հայկական էին։ Միջին դարերում, Մուշի վրայով է անցել անվանի ճանապարհորդ Մարկո Պոլոն, ըստ նրա ցուցումների, այն ժամանակ Մուշը ունեցել է բարգավաճ վիճակ։ Մուշից Էրզրում տանող ճանապարհը անցնում է Բինգյոլով։ Մուշից մինչև ս. Կարապետի վանքը քառասուն կիլոմետր է. ս. Կարապետի վանքը գտնվում է Քարքե լեռան լանջին, ունի այնպիսի դիրք, որի դիմաց բացվում է Մուշի դաշտը, որը երիզվում է լեռներով և Գլխավոր Տավրոսի լեռնաշղթայով։ Մուշը Մամիկոնյանների տոհմի իշխանության օրոք հանդիսացել է Հայաստանի Տուրուբերան նահանգի Տարոն գավառի գլխավոր քաղաքը։ Տարոնը պատմությանը տվել է մի շարք ականավոր դեմքեր՝ Մ. Մաշտոց, Վ. Մամիկոնյան, Մ. Խորենացի։ Նշանավոր դաշտերից է նաև Երզնկայի դաշտը, որի հողը բարեբեր է, կլիման՝ բարեխառն։ Դաշտը շրջապատված է լեռներով, որոնցից նշանավոր է Սեպուհ կամ Գոհանամ սարը։ Երզնկայի կենտրոնն է Երզնկա քաղաքը, որը պատմական Հայաստանում կոչվում էր Երիզա։ Քաղաքը գտնվում է դաշտի արևմտյան մասում (Արևմտյան Եփրատից ոչ հեռու)։ Կարևոր հանգուցակետ է Էրզրում—Տրապիզոն, Էրզրում—Սըվազ տանող ճանապարհների վրա, Էրզրումի հետ կապված է երկաթուղով։ Երզնկան Արևմտյան Հայաստանի մտավոր կենտրոններից մեկն էր, ուներ դպրոցներ, ուսումնարաններ և այլ մշակութային հիմնարկներ։ Երզնկան միջնադարյան հայ նշանավոր բանաստեղծ Կոնստանդին Երզնկացու հայրենիքն է։ [էջ 29] Երզնկայի մասին Մարկո Պոլոն գրում է. «Սա մի մեծ երկիր է։ Սկսվում է մի քաղաքից, որը կոչվում է Արզինգա (Երզնկա), ուր հյուսում են աշխաիհի լավագույն բեհեզները (նուրբ գործվածք)։ Նա ունի բնական աղբյուրներից աշխարհի լավագույն բաղնիքները։ Երկրի ժողովուրդը հայեր են, որոնք հպատակվում են թաթարին։ Բազմաթիվ քաղաքներ և գյուղեր կան երկրի մեջ, բայց նրանց քաղաքներից ամենից ընտիրը Արիզինգան է, որը արքեպիսկոպոսակաւն թեմ է, և հետո Արզիրոն և Արզիզի (Էրզրումը և Արճեշը — Կ. Ա.)»։ Ըստ ավանդության Երիզայում էր Անահիտ դիցուհու մեհյանը։ Երզնկայից ոչ հեռու, Սեպուհ լեռան ստորոտում, ներկայիս Թիլ գյուղի տեղում էր գտնվում հայտնի Թիլ Ավանը։ Դա հեթանոս հայերի կրոնական կենտրոններից մեկն էր։ Այստեղ էր գտնվում Նանե դիցուհու մեհյանը։ Այժմ Հայկական բարձրավանդակի հարավում գտնվող Գլխավոր Հայկական Տավրոսի մասին, որը բնական սահման է հանդիսանում Հայկական բարձրավանդակի և Միջագետքի միջև։ Գլխավոր Հայկական Տավրոսը Հայկական Բարձրավանդակը եզերում է հարավից։ Այնտեղ, որտեղ Եփրատը դուրս է գալիս Վերին Միջագետք, այստեղից աղեղնաձև ձգվում է Վանա լճի հարավով և միանում է Զագրոշի շղթային։ Վանա լիճ չհասած, Գլխավոր Տավրոսի ճյուղավորություններից նշանավոր են Սասնո լեռները։ Սասունի լեռների ամենաբարձր գագաթն է Անդոք սարը։ Հարավում ընկած են Տալվորիկի լեռները։ Հյուսիս-արևմուտքում Խութի սարերը, իսկ հարավ-արևելքում Մարաթուկը: Սասնո լեռնաշխարհի հյուսիսային մասը իջնում է դեպի Մուշի դաշտը, այս մասում գտնվող Սիմ լեռան ստորոտից է սկիզբ առնում Մեղրագետը և ոռոգում Մուշի դաշտը: Մուշի դաշտը շրջապատող լեռները հաճախ են պատած թխպով և պատահական չի մշեցոց երգը. «Մշո սարեր մշուշ է, Իր հողն ու ջուր անուշ է...»։ [էջ 30] Չհասած Վանա լիճ, քիչ հարավ, այս մասում Գլխավոր Տավրոսի խոր ձորով է անցնում Բիթլիս-չայ գետը, որը շեշտակի հարավ ընթանալով, թափվում է Արևելյան Եփրատի մեջ։ Լեռնանցքի դիմաց բազմել է Նեմրութ սարը։ Կլիման.— Արևմտյան Հայաստանի մակերևույթը բարձր լինելով հանդերձ, կտրտված է լեռնաշղթաներով, որոնց միջև ընկած են բավական տարրեր բնության, մանավանդ կլիմա ունեցող վայրեր։ Ցուրտ է լինում Էրզրումի հարթավայրում, ուր ձմեռը տևում է յոթ ամիս: Պատմական Հայաստանում ասացվածք էր դարձել թե «ով ցուրտ կուզի, թող երթա Կարին, եթե այստեղ չգտնի թող երթա Սեբաստիա»։ Ամենաշոգ ամսին անգամ, գիշերը բաց երկնքի տակ, պատահում է, որ ջուրը սառչում է։ «Դուք կսառչեք Էրզրումում տարվա այն միջոցին, երբ Երևանը շոգից տապակվում է. մինչդեռ երկու քաղաքներն էլ բարձրավանդակների ծայրերին են, Էրզրումն իր աշխարհագրական լայնությամբ գտնվում է ավելի բարեհաջող պայմաններում» (Ռեկլյու)։ Խիստ է ձմեռը նաև Մուշի և Խնուսի հարթավայրերում։ Առավել խստությամբ և ձյունառատությամբ աչքի է ընկնում Բարձր Հայքը, ուր ձյուն է գալիս հոկտեմբերից մինչև մայիս։ Գետեր կան, որոնք սառչում են։ Հաճախ երկիրը ծածկված է լինում մեկից երկու մետր ձյան շերտով։ Հաճախակի բարձրացող բուքը և մրրիկը լցնում են անդունդները, գեդուկները (լեռնանցքները) և ճանապարհորդությունը դառնում է վտանգավոր։ Հայկական բարձրավանդակի հարավ–արևմտյան մասերը նման են Միջերկրածովային կլիմա ունեցող երկրներին, որտեղ մթնոլորտային տեղումները լինում են աշնանը և ձմռանը. թափվում են գլխավորապես անձրևի ձևով, իսկ Հայկական բարձրավանդակի կենտրոնանան մասում թափվում ևն մեծ մասամբ որպես ձյուն։ Հայաստանի ձմեռները նկարագրել են Ստրաբոնը և Քսենոֆոնը։ Ստրաբոնը պատմում է, թե ինչպես ճանապարհից չշեղվելու համար, նրանք ձմռանը ճանապարհի վրա երկար ձողեր էին ցցում, իսկ Քսենոֆոնը Հայաստանի գետնափոր տների գոյությունը բացատրում է խորը ձյունով և ցուրտ ձմեռ– [էջ 31] ներով։ Ինչպես հայտնի է Քսենոֆոնը անցել է Բարձր Հայքի սահմաններով, հետևապես նա պետք է հանդիպեր այդ մասի անհուն ձյունապատ տարածություններին։ Նույնը պիտի ասել Լուկուլոսի բանակի մասին, որը Հայաստանի ցրտերը ճաշակեց Արածանիի շրջանում՝ Հայաստանի բարձրադիր վայրերից մեկում։ Իսկ երկրի ցածր մասերում կլիման միանգամայն տարբեր է։ Այսպես, օրինակ, բարենպաստ կլիմա ունեն Վանի, Սղերթի, Բիթլիսի, Երզնկայի շրջանները, որոնք համարվում են Հայկական բարձրավանդակի այգիները։ Չնայած կլիմայական բազմազանությանը, ընդհանուր առմամբ Հայաստանի կլիման բարենպաստ է և առողջարար։ Գետերը. սնվում են գլխավորապես աղբյուրներից և հալչող ձյան ջրերից։ Երկրի լեռնային բնությունը մեծացնում է նրանց էներգետիկ նշանակությունը, իսկ լեռնահովիտներում գետերը կարևոր նշանակություն են ստանում ոռոգման տեսակետից։ Հայաստանի գետերը թուրքական տիրապետության ընթացքում ստացել են թուրքերեն անուններ և շատերը կրում են «չայ» կամ «սու» վերջավորությունը, որը նշանակում է գետակ կամ ջուր։ Հաճախ էլ տեղական գետակները կամ առուներն ուղղակի անվանում են «Չայ» առանց որևէ հատուկ անվան։ Արևմտյան Հայաստանը հարուստ է բազմաթիվ գետերով և գետակներով։ Այսպես, օրինակ՝ Բայազետի հարթությունով հոսում են Բալըղ չայ և Գըռնավուկ գետերը, Աբաղայի դատով Բերկրի գետը՝ Սոուկ-Սու վտակով։ Բերկրին թափվում է Վանա լիճ, որը հարուստ է տառեխ ձկով։ Վանի ավազանի գետերից կարևոր են Խոշաբը, որը լիճն է թափվում արևելքից։ Խոշաբի մոտով անցնում է Շամիրամի ջրանցքը, որը հարավից հոսում է համանուն նշանավոր կիրճով։ Վանա լիճը թափվում են բազմաթիվ գետեր ու գետակներ։ Վանի ավազանի հարավային ջրաբաժանից սկիզբ են առնում Բոհտան-Սու և Զաբ գետերը, որոնք իրենց վերին հոսանքում կրում են Ալբակ-Սու և Շատախ–Սու անունները, որոնք կազմում են Տիգրիսի վտակները։ [էջ 32] Հաջորդ գետը՝ Մուրադը կամ Արևելյան Եփրատը՝ պատմական Արածանին, սկիզբ է առնում Ծաղկանց (Ալա-Դաղ) լեռներից։ Մուրադը ոռոգում է Ալաշներտի հովիտը, անցնում է հացառատ Բուլանըխով դեպի Մուշի և Խարբերդի հարթավայրերը։ Խարբերդից ցած միանում է Արևմտյան Եփրատին (Կարա-Սու)։ Արևմտյան Եփրատը սկիզբ է առնում Բարձր Հայքի Դումլու լեռներից և հոսում է հարավ–արևմուտք, Ակն քաղաքի մոտով ուղղվում է դեպի հարավ։ Մուրադը և Արևմտյան Եփրատը միանալով, կազմում են Եփրատ գետը1։ Եփրատն անցնելով Տավրոսի վրայի կիրճերով՝ ընթանում է դեպի Միջագետք։ Եփրատի ընդհանուր երկարությունն է 2800 կիլոմետր։ Եփրատի ջրերը Կարնո դաշտում տարածվում են և կազմում մորուտներ, որոնք կոչվում են Շամբ Կարնո։ Այդ մորուտը տարածվում է Կարնո դաշտի միջին մասում, որը դաշտը բաժանում է հյուսիսային և հարավային մասերի։ Շամբ Կարնոն բազմաթիվ և բազմազան թռչուններով հարուստ ճահճի հռչակ ունի։ Այստեղ վայրի բադեր, սագեր, ինչպես նաև կարապներ ու ջրային բազմաթիվ տեսակի թռչուններ կան։ Տիգրիսը Եփրատից հետո Մերձավոր Արևելքի ամենաերկար ու ջրառատ գետն է, որն ունի մոտ 2000 կիլոմետր երկարություն։ Տիգրիսը կազմվաւծ է երկու ճյուղերից՝ Արևելյան Տիգրիս կամ Բոհտան-Սու և Արևմտյան Տիգրիս։ Արևելյան Տիգրիսը գալիս է Շատախի լեռներից և իր մեջ է ընդունում, Բիթլիս-չայը, իսկ Արևմտյան Տիգրիսը սկիզբ է առնում Մեծ Հայքի արևմտյան սահմաններից՝ Տավրուսի լեռներից, Եփրատ գետից ոչ հեռու, որի վտակներից նշանավոր է Սասնո գետը (Բաթման-չայը)։ Քուրդիստանի սահմաններում Տիգրիսն ընդունում է Մեծ Զաբը, որը գալիս է Հեքյարի լեռներից։ Արևելյան Տիգրիսը Սղերթից հարավ միանում է Արևմտյան Տիգրիսին, հոսում է դեպի Միջագետք և Եփրատի հետ միասին թափվում է Պարսից ծոց Շատ–Էլ–Արաբ անվան տակ (բառացի (նշանակում է արաբական գետ, «շատ» կամ «շաթ» նշանակում է գետ)։ -------------------- 1 Ըստ Աստվածաշնչի (գլուխ Բ. 10—14 համար) Եփրատն ու Տիգրիսը եդեմական չորս գետերից երկուսն են։ Խոր Վիրապ Արագած լեռը [էջ 33] Բայբուրդի կամ Բաբերդի սարահարթից արևելք, Պոնտոսի գեղեցիկ լանջերով է հոսում Ճորոխ գետը։ Սկիզբ է առնում Սպերի լեռներից, ձախ կողմից ընդունում է Թորթում գետը, որը վրա գտնվում է աշխաիհի ամենագեղեցիկ ջրվեժներից մեկը։ Իսկ Արաքսը (Երասխ), որին հայերը «Մայր Արաքս» են կոչել, համարյա իր ամբողջ ընթացքով պատկանում է Հայաստանին։ Նա սկիզբ է առնում Բյուրակն (Բինգյոլ) լեռների Սրմանց գագաթից, Էրզրումից մոտ քսանհինգ կիլոմետր հարավ։ Այդ մասում նա կոչվում է Բասենի ջուր. հոսելով դեպի հյուսիս-արևելք Արաքսը ձախ կողմից ընդունում է Մուրց կամ Հասան-Ղալաչայ վտակը։ Ղարսի սարավանդով հոսում է Ղարս գետը, որը սկիզբ է առնում Սողանլուի (Մեծրանց) լեռներից և թափվում Ախուրյանի մեջ՝ աջ կողմից։ Ախուրյանի մեջ աջ կողմից թափվում է նաև Ալաջա գետակը։ Հայկական բարձրավանդակում կան նաև շատ հորդառատ և սառնորակ աղբյուրներ, համարյա բոլոր մեծ ու փոքր քաղաքները մատակարարվում են այդ աղբյուրների ջրերով։ Այդ տեսակետից իր սառնորակ աղբյուրներով նշանավոր է Էրզրումը, որը ունի հինգ հարյուր աղբյուր։ Արևմտյան Հայաստանը հարուստ է նաև հանքային ջրերով, որոնցից հիշատակության արժանի են չռրս խումբ՝ Դիադինի, Զիլանի, Էրզրումը և Երզնկայի (Էրզինջանի)։ Դրանցից առանձնապես մեծ նշանակություն ունեն Դիադինի ջրերը։ Լճերը.— Պատմական Հայաստանում լճերի մեծ մասը կրել են ծով կամ ծովակ անունը։ Հայկական բարձրավանդակի լճերըց ամենամեծն է Վաևա լիճը։ Այդ լիճը գտնվում է 1720 մետր բարձրության վրա, ունի շուրջ 3,7 հազար քառակուսի կիլոմետր մակերես և ընդունում է բազմաթիվ գետեր ու գետակներ։ Լիճը նավարկելի է։ Նրա ջուրը պարունակում է պոտաշ1 և սոդա2, որոնք տե– --------------------------------- 1 Կալիումի կարբոնատ — Ka2CO3 — պոտաշ — ստացվում է փափուկ օճառ։ 2 Նատրիումի կարբոնատ — Na2CO3 — սոդա— ստացվում է սովորական օճառ։ [էջ 34] ղացիներն օգտագործում են օճառ եփելու կամ լվացք անելու համար։ Լճում կա ձկան մի տեսան, տառեխ անունով, որը գլխավորապես ապրում է գետաբերաններում և լիճը թափվող գետերում։ Լիճը պատմական Հայաստանում կրել է տարբեր անուններ՝ Աղթամարի ծով, Բզնունյաց ծով, Ռշտունյաց ծով, Վասպուրականի ծով և այլն։ Լիճը ձմռանը չի սառչում, բացառությամբ խիստ սառնամանիքային ձմեռները, երբ սառցակալվում են նրա հյուսիս–արևելյան ոչ խոր մասերը։ Ափից ոչ հեոու ընկած են թվով չորս կղզիներ՝ Աղթամար, Առտեր, Լիմ և Կտուց։ Դրանցից նշանավորն է Աղթամարը։ Լիճը շրջապատող լեռները կազմում են բնության չքնաղ տեսարաններից մեկը։ Լճի բոլոր նավահանգիստները, շրջապատի քաղաքները, գյուղերը և ընդհանրապես գավառները պատմական Հայաստանում եղել են ծաղկած ու հայաշատ։ Արևմտյան Հայաստանի գեղատեսիլ լճերից են նաև Արճակը, Նազիկը, Նեբրովթը, Գայլատվա լիճը, Թորթումը։ Արճակ լիճը գտնվում է Վանա լճից արևելք, նույնպես աղի լիճ է։ Վանա լճից հյուսիս–արևմուտք գտնվում է Նազրկ լիճը։ Նազիկը գտնվում է 1922 մետր բարձրության վրա և այդպես է կոչվում իր գեղատեսիլ տեսքի համար, որն ավելի լիակատար է դառնում փոքրիկ կղզիով և նրա վրա բուն դրած թռչուններով։ Լճի ջուրը անուշահամ է և հարուստ ձկներով։ Նազիկ լիճը գտնվում է հրաբխային խառնարանում։ Նազիկից ոչ հեռու գտնվում է Նեբրովթ լիճը, որը շատ նման է Նազիկին, բայց ավելի խորն է և հարյուր մետրով ավելի բարձր։ Գայլատվա լիճը գտնվում է Հայկական Պարի գոգավորություններից մեկում՝ Սինակի ճյուղավորոււթյունում։ Նա գտնվում է 2216 մետր բարձրության վրա։ Լճի ջուրը քաղցրահամ է և ձկնառատ, որի պատճառով լիճը ստացել է Բալըղ–գյոլ անունը, այսինքն «ձկնալիճ»։ Նրանից սկիզբ է առնում Բալըղ-չայը, որ Բայազետի դաշտով հոսում է դեպի Մակու և Ավարայրի դաշտով գնում դեպի Աըաքս։ Մյուս լճերից է Չըլդըր լիճը, որը պատմական Հայաստանում կոչ– [էջ 35] չվում էր Ծովակ Հյուսիսո. գտնվում է Կարսից հյուսիս, 1956 մետր բարձրության վրա: Էրզրումից դեպի հյուսիս գտնվում է գեղատեսիլ Թորթում լիճը, որը շատ խորն է և հարուստ է համեղ ձկներով։ Լճի երկու կողմում բարձրաբերձ լեռներն են։ Իր տեսքով շատ է նման Շվեյցարիայի լճերին, եվրոպացի ճանապարհորդների կարծիքով՝ նույնիսկ գերազանցում է նրանց։ * * * Ինչպես ասվեց Հայաստանը (Հայկական բարձրավանդակը) Առաջավոր Ասիայի այն բարձրադիր, կենտրոնական և կարևոր սարահարթն է, որն ընկած լինելով Արևմուտքի և Արևելքի միջև, միևնույն ժամանակ այդ աշխարհների մեծ ճանապարհները հանգույցն է եղել։ Անվանի աշխարհագրագետ Հումբոլդտը Հայաստանն անվանել է «Անտիկ աշխարհի ծանրության կենտրոն», քանի որ նա հին կուլտուրայի կենտրոններից գտնվում է միաչափ հեռավորության վրա։ Հայաստանի աշխարհագրական դիրքը մեծ դեր է խաղացել երեք հիմնական պատճառներով։ Այդ պատճառներն են՝ նախ Հայաստանի վրայով անցնող տարանցիկ (տրանզիտային) ուղիները, երկրորդ՝ Հայաստանի ստրատեգիական նշանակությունը, երրորդ՝ Հայաստանի արոտավայրերը: Հայաստանի վրայով է կապվել Արևելքը (Չինաստանը, Հնդկաստանը) Արևմուտքի (Հունաստանի, Հռոմի) հետ։ Այդ ճանապարհները կոչվել են «Մետաքսի ճանապարհ»1։ ---------------------------- 1 Թե՛ վաղ անցյալում և թե՛ հատկապես միջին դարերում աշխարհին մետաքս մատակարարողը Չինաստանն էր։ Այս երկրից այնքան շատ մետաքս էր արտահանվում, որ դրա անունով էլ Իրանի և Պատմական Հայաստանի վրայով անցնող ճանապարհը, որը հասնում էր Սև ծովի ափերը, ստացել Էր «Մետաքսի ճանապարհ» անունը։ Այդ ճանապարհը գալով Միջին Չինաստանի ամենից շատ մետաքս մշակող նահանգներից, անցնում էր Մեծ պարսպի տակով, որը ճանապարհի ապահովման գործում նույնպես մեծ դեր էր խաղում։ Հասնելով Արևմտյան Չինաստանի Սինցզյանի նահանգը, «Մետաքսի ճանապարհը» ճյուղավորվում էր, մեկը գնում էր դեպի Միջին Ասիա, իսկ մյուսը, Թարիմ գետի հովտով՝ Իրան և Հայաստան։ [էջ 36] Բայց, երբ 15-րդ դարի վերջին հայտնի դարձավ Հնդկաստան տանող ծովային ուղին, ապա Մետաքսի ճանապարհը կորցրեց իր նշանակությունը։ Ստրատեգիական տեսակետից պետք է նշել այն հանգամանքը, որ Հայաստանը ընկած է եղել Հին Աշխարհի աշխարհակալ աետությունների միջև, այն է Հռոմի և Պարթևների, Սասանյանների և Հռոմի, Բյուզանդիայի, Իրանի, արաբների, սելջուկների և մոնղոլների, սեֆևյան Իրանի և Թուրքիայի, և վերջապես «Արևելյան հարցի» կապակցությամբ Թուրքիայի և Ռուսաստանի միջև։ Ստրատեգիական այս դիրքը դարեր շարունակ Հայաստանը, ինչպես ասում է ակադեմիկոս Մանանդյանը, պահել է «մուրճի և զնդանի» միջև։ «Հայկական բարձրավանդակի հենց այդ ստրատեգիական նշանակությամբ է բացատրվում Հայաստանի պատմության խաչաձևումը և միացումը համաշխարհային պետությունների պատմության հետ, և այն համառ ու կատաղի պայքարը, որը հազարամյակների ընթացքում տեղի է ունեցել մեծ կայսրությունների միջև՝ Հայաստանին տիրելու համար»1։ Այսպիսով, Հայաստանը իր աշխարհագրական դիրքի պատճառով մարտադաշտ է եղել մեծ պետությունների համար, որոնք հաճախ բախվել են Հայաստանին տիրելու նպատակով։ Այսպես, օրինակ, եթե նայենք քարտեզին, ապա կտեսնենք թե ինչպիսի հարմար դիրք ունեն Էրզրում և Բիթլիս քաղաքները։ Էրզրումը գտնվում է բարձրավանդակի հյուսիսային մասում, որը Սան–Ստեֆանոյի պայմանագրով դարձել էր Էրզրումի մարզի կենտրոնը, իսկ Բեռլինի Կոնգրեսի որոշումով ռուսական բանակը թողեց Էրզրումի մարզը: Մյուս քաղաքը՝ Բիթլիսը, գտնվում է Բարձրավանդակի հարավային մասում։ Համարվում է Արևմտյան Հայաստանի հայաշատ և բարեկարգ քաղաքներից մեկը։ 1915 թվականի հունիսի 25-ին թուրքերը, Վանի զինվորական նահանգապետ Ջևդեթ բեյի և Էնվերի հորեղբայր Խալիլ բեյի գլխավորությամբ շրջապատեցին Բիթլիս քաղաքը։ Եվ հունիս–հուլիս ------------------------- 1 Манандян А. — О торговле и городах Армении, 72.. [էջ 37] ամիսների ընթացքում թուրքերը համարյա ամբողջովին բնաջնջեցին Բիթլիսի, Մուշի և Սասունի մոտ 150 հազար հայերի։ Այժմ ծանոթանանք Սան–Ստեֆանոյի պայմանագրի և Բեռլինի Կոնգրեսի որոշումներին։ Սան-Ստեֆանոն բնակավայր է և գտնվում է Ստամբուլի մոտ (այժմ Եշիլքյոյ), որտեղ 1878 թվականի մարտի 3-ին ստորագրվել է Սան-Ստեֆանոյի հաշտության պայմանագիրը։ Այդ պայմանագրով վերջ տրվեց 1877—78 թվականների ռուս–թուրքական պատերազմին, որտեղ հաղթող դուրս եկավ Ռուսաստանը։ Սան-Ստեֆանոյի պայմանագրի 16-րդ հոդվածը վերաբերում էր հայերին։ Ըստ այդ հոդվածի, ռուսական բանակը պետք է մնար Արևմտյան Հայաստանում այնքան ժամանակ, մինչև որ թուրք կառավարությունը իրագործեր իր խոստացած բարեփոխումները։ Ինչպես հայտնի է, Սան-Ստեֆաւնպի պայմանագրով Ռուսաստանը ստացավ Արևմտյան Հայաստանի մեծ մասը՝ Արդահանը, Ղարսը, Ալաշկերտը, Բայազիդի և Դիադինի հովիտները։ Իսկ Բեռլինի Կոնգրեսը գումարվեց 1878 թվականի հունիսի 13-ին, վեց մեծ պետությունների (Անգլիա, Ֆրանսիա, Գերմանիա, Ավստրիա, Ռուսաստան, Իտալիա) և Թուրքիայի ներկայացուցիչների մասնակցությամբ՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև կնքված Սան-Ստեֆանոյի պայմանագիրը քննելու համար։ Կոնգրեսը, որը գումարվեց փաստորեն Գերմանիայի և Անգլիայի նախաձեռնությաւմբ, աշխատում էր թուլացնել այն հաջողությունները, որոնց ռուսները հասել էին Սան-Ստեֆանոյի պայմանագրի համաձայն։ Գլխավոր գործիչներն էին Բիսմարկը և Բիկոնսֆիլդը։ Նախագահում էր Բիսմարկը։ Կոնգրեսը վերջացավ Բեռլինի դաշնագրով, որը կնքվեց հուլիսի 13-ին։ Դաշնագրի համաձայն բավական կրճատվեցին Ռուսաստանի 1877—78 թվականների պատերազմի ժամանակ ձեռք բերված նվաճումները։ Բիսմարկը և Բիկոնսֆիլդը հասան իրենց նենգ նպատակներին։ Ռուսական ազդեցությունը Հայաստանում ձախողելու նպատակով նրանք Սան-Ստեֆանոյի 16-րդ հոդվածը փոխեցին Բեռլինի 61-րդ հոդվածով։ Պահանջեցին, որ ռուսները Թուրքիային վերա– [էջ 38] դարձնեն Բայազեդ քաղաքը և նրա շրջանը, ինչպես նաև, Հայաստանից ետ կանչեն ռուսական բանակը, պատճառաբանելով, թե իբր Սուլթանը խոստացել է ռեֆորմներ անցկացնել Հայաստանում։ 16-րդ հոդվածի փոխարինումը 61–րդ հողվածով, և նրա հիման վրա ռուսական բանակի ետ կանչելը, ինչպես նաև Ալաշկերտի հովտի և Բայազեդ քաղաքի վերադարձումը Թուրքիային հայերի համար ունեցավ կործանարար նշանակություն: Ռեֆորմների փոխարեն գործադրվեցին մասսայական ջարդեր։ Օտարների կողմից Հայաստանը նվաճելու համար, աշխարհագրական դիրքի հետ միասին, կարևոր դեր է խաղացել նաև մի ուրիշ հանգամանք, որը մինչև այժմ քիչ է ուշադրության արժանացել։ Դա Հայաստանի փարթամ արոտավայրերն են։ Պատմական վաղ անցյալից այդ արոտավայրերը եղել են ժողովուրդների բաղձանքի առարկան։ Իր ժամանակին Քսենոֆոնը և Ստրաբոնը հիացմունքով են խոսել Հայաստանի լեռնային արոտավայրերի մասին։ Ահա թե ինչ է գրում այդ մասին Մարկո Պոլոն, «Երկիրը հիրավի մեծ է, և ամառվա ընթացքում այնտեղ են հավաքվում Արևելքի թաթարների ամբողջ բազմությունները, որովհետև նրանց համար լավագույն արոտավայրեր կան այնտեղ»։ Հայաստանը չունի անապատային ու լերկ տարածություններ, որպիսիք հատուկ են Իրանական և Ասիական մյուս բարձրավանդակներին։ Հայաստանի գեղատեսիլ ալպիական արոտավայրերին հաջորդում են լայնանիստ լեռնահովիտներ, որոնք նույնպես պատած են արոտով (Ալաշկերտ, Էրզրում, Երզնկա, ավելի արևելք՝ Աբաղա և Վանա լճի շուրջը)։ Մեր պատմաբաններին շատ է ծանոթ միջնադարյան արաբական հայտնի գիտնական-աշխարհագրագետի այն դարձվածքը, որ «Հայաստանը կավերեն ձիերի սմբակները»։ Այդպես է արտահայտվել նաև պատմիչ Մատթևոս Ուռհայեցին, որը նկարագրելով սելջուկյան արշավանքներից մեկը, ասում է. «Սմբակք երիվարաց նոցա մաշեցին զլերինս և զբլուրս»1։ ----------------------------------- 1 Լեո, հատոր 1-ին, 1966 թ., էջ 145։ [էջ 39] Ուրեմն այդ սմբակները չէին մաշի մեր լեռներն ու բլուրները, եթե չունենայինք նաև այդպիսի արոտավայրեր, որոնք և մեծ դեր խաղացին նրա պատմության մեջ։

Комментарии (0)Просмотров (550)


Зарегистрированный
Анонимно